Հայ բեմից անպայման կպակասեր հետաքրքիր, մեծ սիրո ու հարգանքի արժանացած մի արտիստ, եթե 1940-ական թվականներին Արմեն Խոստիկյանը քայլերն ուղղեր բժշկական ինստիտուտ և դառնար բժիշկ։ Բայց կյանքը նրա համար, շատ հաճախ դժվար ճանապարհ էր կանխորոշել։ Ութ տարեկան էր, երբ հայրը՝ փիլիսոփա, աստվածաբան և թարգմանիչ Միսաք Խոստիկյանը ստալինյան բռնությունների զոհ դարձավ։ Նա մնաց մոր հետ միայնակ` «ժողովրդի թշնամու» խարանը վրան։

Բայց Խոստիկյանին փրկեց իր լավատեսության ու հումորի զգացողությունը։ Ասում են, երբ առաջին անգամ հանդիպել է իր ապագա աներոջը, նրան «կաշառել» է կոնֆետով։ 1929 թվականի մայիսի 22-ին ծնվել է կինոյի, հեռուստատեսության և թատրոնի հայ դերասան և կատակերգու Արմեն Խոստիկյանը, մենք հավաքագրել ենք հետաքրքիր փաստեր սիրված դերասանի մասին։

Իր դերասանական տաղանդն առաջին անգամ ցուցաբերել է մանկապարտեզում. մի ներկայացում էր բեմադրված փոքրիկների համար, Արմենն էլ անմասն չէր մնացել. հանդիսատեսի շարքում այդ օրը ներկա էր նաև Արմենի հայրը, որը որդու 8-ամյակը բոլորելուն պես հեռացավ կյանքից։

Հայտնի դերասանը ինչ-որ պահի ցանկացել է բժիշկ դառնալ. դպրոցն ավարտելուց հետո ընդունվել բժշկական ինստիտուտ, սակայն մեկ տարի անց թողել է ուսումը։

Արդեն 1947 թվականին ընդունվել և մինջև 1951 թվականը սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում (Արմեն Գուլակյանի կուրսում)։

Ուսանողական տարիներին խաղացել է Փարսիղի՝ «Քանդած օջախ», Տումանսկու՝ «Մաշենկա», Լաունսի՝ «Վերոնայի երկու ազնվականները» դերերը։ Նկարահանվել է նաև հեռուստաթատրոնում և ֆիլմերում՝ «Ոսկե ցլիկ», «Մոր սիրտը», «Նվագախմբի տղաները», «Տերն ու ծառան», «Շրթներկ համար 4», «Մեր բակը», «Հարսնացուն Ջերմուկից» և այլն: 1987-ին ստեղծել է թատերական «Փյունիկ» ստուդիան:

Ավելի քան երկու տասնամյակ Խոստիկյանը եղել է նաև ամանորյա հեռուստածրագրերի սիրված հերոսներից: Մի հետաքրքիր դեպք է հայտնի. երբ դերասանն ԱՄՆ-ում էր ու չէր մասնակցել ամանորյա ծրագրին, օրեր անց նրան փողոցում մի մարդ էր մոտեցել ու ասել՝ «Խոստիկյան ջան, բա քո արածն արա՞ծ էր, նոր տելեվիզոր էի առել, որ Նոր տարվա հաղորդման մեջ քեզ տեսնեմ, ու դու չկայիր…»:

Արմեն Խոստիկյանն իր ողջ կյանքում ներկայացավ Սունդուկյանի բեմում: Հետաքրքիր է, որ սիրված կատակերգուին գլխավոր դերեր բաժին չէին հասնում. այդպիսով նա համարվում է «փոքր դերերի մեծ վարպետ»։

Արմեն Խոստիկյանն արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով:

By admin

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *